«Մխիթար Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»

Published 21.11.2015 by Եղյան Անահիտ

«Մխիթար Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսի շրջանակներում այսօր կրթահամալիրը հյուրընկալեց Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի դասավանդողների և սովորողների՝ թվով 30 հոգի, խմբին: Նրանց դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որից հետո ոտքով քայլեցինք դեպի գեղարվեստի դպրոց: Շրջեցինք դպրոցում, եղանք ցուցասրահում: Մեր սովորողներն այգում ընկեր Անդրանիկի օգնությամբ  նախորոք փոսեր էին փորել, իսկ տիկին Շողիկը բերել էր բարդու 2 տնկի: Եղեգնաձորի խմբի հետ տնկեցինք այդ տնկիները և շարժվեցինք դեպի քոլեջ:

Քոլեջում եղանք պարտեզի խմբերում, կարի արտադրության լաբորատորիայում և, իհարկե, ջերմոց-լաբորատորիայում: Հյուրերը շատ տպավորված էին:

Ճանապարհը շարունակելով՝ հասանք Մայր դպրոց, եղանք գրադարանում, որտեղ մեզ ջերմ ընդունեցին տիկին Մարին և Նոնան: Տիկին Մարին ներկայացրեց գրադարանի կայքը՝ ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Մեր հյուրերը նվիրեցին գրքեր: Հետո եղանք բնագիտության լաբորատորիայում, որտեղ տիկին Սուսաննան և տիկին Գայանեն մեր հյուրերին սիրով ներկայացրեցին հետաքրքիր փորձեր: Եղանք Ժաննա Ալբերտովնայի կաբինետում, իսկ հետո՝ մարզական հանդիպումներ: Մի խումբը վոլեյբոլ էր խաղում, մյուսը՝ մարմնամարզության դահլիճում մարզվում, մի մասն էլ համերգասրահում ունկնդրում էր գեղեցիկ երաժշտություն:

Իսկ վերջում տիարի հետ հանդիպումը մեզ ավելի ոգևորեց:

Մենք ուղևորվեցինք դեպի Եռաբլուր, որտեղ մի լավ պարեցինք, հետո հանդիպեցինք ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հետ, զրուցեցինք, նա մեզ ներկայացրեց ղարաբաղյան շարժման մասին պատմող նյութեր: Շատ հագեցած օր էր:

Оставьте комментарий