Օձունի եկեղեցի, Քոբայրի վանք

Published 16.06.2015 by Եղյան Անահիտ

Ճամբարի վերջին օրը այցելեցինք Օձունի եկեղեցի: Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Լոռու մարզի Օձուն գյուղում: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին:  Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Այնուհետև եղանք Քոբայրի վանքում: Քոբայրի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Քոբայր երկաթգծի կայարանի նույնանուն գյուղում՝ Դեբեդ գետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա: Հուշարձանների հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից: Քոբայրը 12-13 դարերի հուշարձան է: Վրացիները Քոբայրը համարում են վրացական վանք: Քոբայրավանքը հայտնի է իր բարձրարվեստ որմնանկարներով: Որմնանկարները շատ ավելի բնորոշ են հայ քաղկեդոնական, քան հայ առաքելական եկեղեցիներին:

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Լոռու մարզի անտառները հարուստ են ծառատեսակներով (մոտ 60 տեսակի ծառ, 90 տեսակից ավելի թուփ): Անտառի հիմնական ծառատեսակը հաճարենի արևելյանն (Fagus orientalis Lipsky) է, որը խոնավության և հողի նկատմամբ բավական պահանջկոտ ծառատեսակ է: Այն չի սիրում օդի ոչ շատ բարձր ջերմաստիճանները և ոչ էլ շատ խիստ ցրտի պայմանները: Հաճարենու հետ աճում են կաղնի արևելյան (Quercus macranthers Fisch. et C. A. Mey.), կաղնի վրացական (Q. iberica Stev.), թխկի վրացական (Acer ibericum M. Bieb.), լորենի կովկասյան (Tilia caucasica), բոխի սովորական (Carpinus betulus L.) և այլն: Կաղնին երբեմն կազմում է ինքնուրույն անտառ: Այստեղ տարածված է կաղնու երկու տեսակ` լեռնային կամ արևելյան և վրացական: Կաղնին համեմատաբար ցրտադիմացկուն և չորադիմացկուն է, ունի ամուր բնափայտ, երկարակյաց է, տալիս է բարձր որակի բնափայտ:

Ալպյան և մերձալպյան մարգագետնատափաստանային բուսականությունն իր սննդարար ու հարուստ խոտածածկույթով կարևոր նշանակություն ունի մարզի անասնապահության զարգացման համար: Սակայն մարդու տնտեսական գործունեության շնորհիվ մարզի բուսածածկույթը զգալիորեն տուժել է:

Իսկ կենդանական աշխարհի պատկերը հետևյալն է.

Լեռնատափաստանային գոտու կենդանական աշխարհը բնորոշ է հատկապես կրծողներով, որոնցից լան տարածում ունեն` դաշտամուկը (Arvicolinae), ճագարամուկը (Dipodidae), կույր մուկը (Mus caecus), համստերը (Cricetinae): Տարածված են նաև կզաքիսը (Saltus martes), գետնասկյուռը (Spermophilus citellus), գորշ գայլը (Canis lupus), աղվեսը (Vulpes): Թռչուններից տարածված են` բադը (Anatidae), գորշ կաքավը (Perdix cinerea), շիկահավը (Erithacus rubecula), ճնճղուկը (Passeridae), լորը (Coturnix), կաքավը (Perdix), արտույտ անտառային (Lullula arborea), ծիծեռնակը (Hirundinidae), կաչաղակը (Pica), արծիվը (Aquila), բազեն (Falco) և այլն: Այստեղ սողունները քիչ են:

Մարզի կենդանական աշխարհը բավական աղքատացել է մարդու տնտեսական գործունեության պատճառով: Կան կենդանիների տեսակներ, որոնք անհետացել են կամ էլ գտնվում են անհետացման եզրին:

Оставьте комментарий