Մեր էքստրիմալ ճամփորդությունը

Published 24.04.2016 by Եղյան Անահիտ

Դեպի Բուժական՝ արկածային, բացահայտումներով լի ճամփորդություն: Տեղ հասնելուն պես ճանապարհը շարունակեցինք քայլելով: Հասնելով գետին՝ հասկացանք, որ հնարավոր չէ գետն անցնել, այն շատ վարար էր, այստեղ էր, որ ընկեր Բաբկենը գործի դրեց իր հմտությունները:

Արագ-արագ հավաքեցինք ծառերի կոտրված ճյուղերը, բարակ գերանները և հարմարեցրեցինք այնպես, որ հնարավոր լիներ անցնել:

Ընկեր Բաբկենի օգնությամբ հաղթահարեցինք գետը, շարունակեցինք ճանապարհը մինչև Թեղենյաց վանք: Թեղենյաց վանքը վանական համալիր է պատմական Նիգ գավառում, ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիս-արևելյան կողմում` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Շրջեցինք վանքի տարածքում, հիացանք դաշտային ծաղիկների բազմազանությամբ, խաղացինք ու բռնեցինք հետդարձի ճամփան՝ չպատկերացնելով, որ այն ավելի հետաքրքիր էր լինելու: Կրկին հասանք վարարված գետին: Այս անգամ կամուրջ կապեցինք գետի այլ հատվածում: Բոլորիս մեջ վախ կար, բայց սեբաստացի լինելը մեզ ուժ էր տալիս: Մեկս մյուսին օգնելով անցանք գետը ու մեր դիմաց հայտնվեց ուղղահայաց կանգնած բլուրը: Մեծ դժվարությամբ, բայց բարձր տրամադրությամբ, ծիծաղով, կատակելով, դա էլ հաղթահարեցինք: Հեռվում երևաց մեր մեքենան: Խորը շունչ քաշեցինք, վերլուծեցինք մեր անցած արկածային և էքստրիմալ ճամփորդությունը, ճաշեցինք ու քայլելով հասանք կանաչապատ ընդարձակ բացատին:

Մի լավ խաղացինք, վազվզեցինք, նույնիսկ տխրեցինք, որ ժամանակը այսքան արագ անցավ: Տեղավորեցինք մեր իրերը ու վերադարձանք Երևան:
Եթե մեզ հետ չլիներ ընկեր Բաբկենը, ի՞նչ էինք անելու…

Оставьте комментарий